Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin – Telegram
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin
4.36K subscribers
4.04K photos
88 videos
4 files
721 links
The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin

www.armenianchurch.org/

facebook
www.facebook.com/holyetchmiadzin/

twitter
twitter.com/HolyEtchmiadzin

Inst
instagram.com/mother_see_of_holy_etchmiadzin
Download Telegram
Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ
հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար


🟣 Հունվարի 27-ին՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Եկեղեցականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հանուն Հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Կարդալ ավելին
Կարգալույծ է հռչակվել
Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը


Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։

Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։

Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները՝ իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով՝ ըստ առաքյալի խոսքի. «Զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագեք» (Եփ. 6.10)։

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն Իր Սուրբ Աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում, և հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ. ամեն։
Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական
պանթեոն Հայոց բանակի օրվա առիթով


🟣 Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի երկիրը և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

🟣 Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։

Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին